Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 2 հիվանդ է տեղափոխվել ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։