Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ շատ անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ամեն ինչ կանեն՝ խուսափելու մարդասիրական աղետից։
«Այն մեզ մտահոգում է, որովհետև այն շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարևոր է, որ վերականգնվի ճանապարհը, ազատ երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիան և ինտերնետը: Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նաև ասել է, որ մտահոգված են 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության ճակատագրով, որը կարող է ոչնչացվել։ Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ։ Ժառանգությունը մեր պատմությունն է, ժողովրդի ողջ կյանքն է»,- ասել է Յաել Բրաուն-Պիվեն։
Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի միջև վերականգնել երկխոսությունը, որպեսզի հասնեն խաղաղ և կայուն լուծման։
Պիվեն նաև ասել է, որ ֆրանսիական պատվիրակության համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածությունները, որոնք ակտիվանում են, բռնկվում են և խոցելի են դարձնում Հայաստանը։
Նա նշել է, որ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների։
«Սեպտեմբերյան իրադարձությունները մեծ աղմուկ բարձրացրեցին Ֆրանսիայում և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին բանաձև ընդունվելով, որով պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում հաստատել երկրատև խաղաղություն»,- հիշեցրել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ հավելելով, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։