Վարդանյանը` Le Spectacle Du Monde-ին. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի

Վարդանյանը` Le Spectacle Du Monde-ին. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի

PanARMENIAN.Net - Ֆրանսիական հեղինակավոր Le Spectacle Du Monde պարբերականում հրապարակվել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը` «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով։

Հարցին, թե ինչու է համաձայնել դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար, Վարդանյանն ասել է` Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի, և ոչ միայն այնտեղ ծնվածների համար:

«Այն եզակի, պատմական վայր է, մեր ազգի բնօրրաններից մեկը։ 2020 թվականին, երբ Ադրբեջանը սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանն Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30,000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ: Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել»,-ասել է նա, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այն խորամանկության պատճառը, որ Բաքուն շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, սակայն «չի համարձակվում դա անել ուղղակիորեն՝ այդ աշխատանքի համար օգտագործելով բնապահպանական «հասարակական կազմակերպությունները»՝ Վարդանյանն ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե այդպիսով կկարողանա մոլորեցնել արևմտյան հասարակական կարծիքը, որը մտահոգված է բնապահպանությամբ:

«Բացի այդ, Բաքուն չի կարող խախտել ՀՀ և ՌԴ հետ ստորագրած համաձայնագիրը, որը երաշխավորում է ազատ տեղաշարժն այդ միջանցքով։ Սա, իրոք, մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, քանի որ Ադրբեջանում բնապահպանական գեթ մեկ ցույցի հետք հնարավոր չէ գտել այն դեպքում, երբ հիմնական արդյունաբերությունը գազի և նավթի շահագործումն է, ինչն իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Ադրբեջանում բողոքի նման դրսևորումների որևէ նախադեպ չկա: Իրականում չկա նաև կազմակերպված քաղաքացիական հասարակություն։ Կա միայն մեկ ընտանիք՝ Ալիևների ընտանիքը, որը վերահսկում է այդ երկիրը, և բնակչությունը, չնայած այն հանգամանքին, որ իրենց երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, բավականին աղքատ են ապրում։ Դրա համար էլ նրանց արտաքին թշնամի է պետք։ Դժբախտաբար, ադրբեջանցիներին սովորեցնում են, որ հայերը վատն են։ Դա թույլ է տալիս երկիրը համախմբել մեր դեմ և մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը։ Սա է նրանց ռազմավարությունը…»,-ասել է նա

Նա անդրադարձել է նաև մոտ տասը տարի առաջ իր և իր գործընկերների հետ ստեղծած «Ավրորա» հիմնադրամին և մրցանակին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և պատասխանել հարցին թե քաղել է արդյոք իր աշխատանքի պտուղները՝ հաշվի առնելով բոլոր այն ընկերներին, որոնք այժմ ունի ամբողջ աշխարհում:

«Այո, իհարկե, ես հնարավորություն ունեցա հանդիպելու այդ մարդկանց ամբողջ աշխարհում, տեսնելու նրանց քաջությունը, նրանց անձնուրացությունը, նրանց հավատը, նրանք մարդիկ են, ովքեր չեն վարանում իրենց վրա պարտավորություններ վերցնել՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով: Պետք է ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում դրա շնորհիվ ձևավորվել է նաև իմ անձնական ներգրավվածությունը։ Ես մտածեցի, որ եթե նրանք պարտավորություններ են ստանձնել, ապա ես էլ կարող եմ նույնն անել իմ ժողովրդի համար»,-ասել է ԱՀ պետնախարարը։

Դիտարկմանը, որ Արցախի խնդիրը կարծես առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար, թեև Վաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց, և ինչո՞ւ է այդպես՝ Վարդանյանն ասել է, որ, ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալ քաղաքական սկզբունքներով։

«Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։ Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների»,-ասել է նա։

Արձագանքելով այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից՝ Վարդանյանն ասել է, թե չգիտի՝ արդյոք դա հեշտ կլինի:

«Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է»,-ասել է պետնախարարը։

Այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա, Վարդանյանը դրական է պատասխանել։

«Իհարկե: Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից»,-ասել է նա։

Le spectacle du monde հետևյալ հարցն է ուղղել․«Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը»։

«Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։ Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը»,-ասել է Վարդանյանը ֆրանսիական պարբերականին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---