27 փետրվարի 2023 - 12:08 AMT
ՀՀ ԱԳՆ․ Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, մոտ 80 օր է` Ադրբեջանը շրջափակված է պահում Լաչինը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, մոտ 80 օր է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120,000 հայերին նույնպես տեղահանելն է:

Նշվում է, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:

«Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:

Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին՝ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: