27 փետրվարի 2023 - 12:09 AMT
Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցն է. Պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ

1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը:

«Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում։

Դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։

Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի։

Խաղաղություն մեր ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն Արցախի մեր հայրենակիցներին»,-ասվում է ուղերձում։

1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին՝ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: