1 մարտի 2023 - 18:32 AMT
Կլաար․ Խոջալուում հանդիպման մասին նորությունը հուսադրող է

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Խոջալուում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մասին նորությունը։ Նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հուսադրող նորություններ Խոջալուից՝ Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի միջև շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անմիջական խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,-ասվում է գրառման մեջ։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվացքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: