Ադրբեջանցիները Շուշիի մոտ արգելել են արցախցիների մուտքը․ 4 կին տեղափոխվել է հիվանդանոց, մյուսները՝ վերադարձել Գորիս

Ադրբեջանցիները Շուշիի մոտ արգելել են արցախցիների մուտքը․ 4 կին տեղափոխվել է հիվանդանոց, մյուսները՝ վերադարձել Գորիս

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանն այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքն իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը»,-գրել է նա։

Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

«Ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»,-գրել է պետնախարարը։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված արցախցիները բժիշկների վերահսկողության տակ են։

Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---