Անդրանիկ Քոչարյան. Գյուղացիները կարողացել են կանխել ադրբեջանական առաջխաղացումը

Անդրանիկ Քոչարյան. Գյուղացիները կարողացել են կանխել ադրբեջանական առաջխաղացումը

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի սահմանը տարբեր հատվածներում, բայց գյուղերի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել այդ ցանկությունը։

«Մեր գյուղերի բնակիչներն իրենց ուժերով այս պահի դրությամբ կարողանում են իրենց իրավունքները իրացնել տվյալ տարածքների նկատմամբ»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Քոչարյանի խոսքով` թե՛ ԱԱԾ սահմանապահ զորքերը, թե՛ ՊՆ հակահետախուզությունն ապրիլի 3-ի դրությամբ ունեն արձանագրված իրողություններ, որոնց մասին կլինի հստակ տեղեկատվություն։

«Սա կարձանագրի նոր իրավիճակ, ենթադրում եմ` բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է տեր լինենք այն ամենին, ինչը մերն է»,– հավելել է նա։

Ճշտող հարցին` հայկական կողմն այնուամենայնիվ դիրքերը բարելավել է, թե կորցրել, Քոչարյանը պատասխանել է. «Այդ հարցը անընդհատ հրմշտոցի մեջ է լինելու, քանի դեռ չի լուծվել սահմանազատման և սահմանագծման հարցը»։

Նա չի հերքել, որ երկու օր առաջ ադրբեջանական կողմը 100-150 մետր առաջ է եկել դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։

Հարցին, թե վերադարձե՞լ են արդյոք իրենց ելման դիրք, պատգամավորը պատասխանել է. «Չեմ կարող ասել, եթե վաղը այդ հարցը տայիք, կպատասխանեի»։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---