Պետնախարար․ Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում

Պետնախարար․ Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելով և կենտրոնի թույլտվությամբ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հավելել է, որ դա արվում է արցախցիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով:

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:

Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:

Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելով և կենտրոնի թույլտվությամբ:

Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ ԱՀ առողջապահության նախարարության ցուցմամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են», - ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները Գորիսից փորձել են Արցախ տեղափոխել 27 արցախցու (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, Շուշիի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիներն արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, թեև եղել է վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության։

Միջադեպի պատճառով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Նրանք դուրս են գրվել հաջորդ օրը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---