5 ապրիլի 2023 - 17:54 AMT
Բեգլարյան․ Ադրբեջանի տեղադրած ականներից պատահարների թվով Արցախն աշխարհում 1-ինն է մեկ շնչի հաշվով

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեսյբուքյան իր էջում, անդրադառնալով ապրիլի 4-ին նշվող Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրվան, նշել է, որ Ադրբեջանի տեղադրած ականներից պատահարների թվով Արցախն աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։

Նա մի շարք փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում տեղադրված ականների ու հետևանքով արցախցի բազմաթիվ քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու վերաբերյալ:

«Ադրբեջանը 1990-ականներին միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:

-Մասնագիտացված «Halo Trust» միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։

-Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։

-Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։

-Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։

-Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:

-Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։

-2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:

-2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։

Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին, ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա:

Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա: