Մի շարք ՀԿ-ներ պահանջում են քննել Աժ նախագահի վարքագիծն էթիկայի հանձնաժողովում

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են քննել Աժ նախագահի վարքագիծն էթիկայի հանձնաժողովում

PanARMENIAN.Net - Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով քննել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։

Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։ Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։

Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀԿ-ները հորդորել են Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար:

ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը և մի շարք այլ ՀԿ-ներ։

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա իր հոդվածում անդրադարձել էր օրերս կայացած «զազրելի միջադեպին», երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին՝ նշելով, որ դավաճան բառը ոչ թե կենցաղային հայհոյանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---