Զախարովան՝ ՀԱՊԿ առաքելության մասին․ Գնդակը Երևանի դաշտում է

Զախարովան՝ ՀԱՊԿ առաքելության մասին․ Գնդակը Երևանի դաշտում է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելության գործուղման ժամկետները կախված են Երևանից՝ «գնդակը Երևանի դաշտում է»։

Նա նշել է՝ Ռուսաստանը վստահ է, որ այդպիսի քայլը կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում, Մոսկվան ու դաշնակիցներն էլ պատրաստ են դրան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդպիսի որոշումները համաձայնեցվում և հաստատվում են բարձր մակարդակում Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ հասկանալի է՝ ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց որ նրանք պատրաստ լինեն, կարող ենք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրապնդմանն ուղղված առարկայական աշխատանքին։ Այնպես որ գնդակը Երևանի դաշտում է»,-ասել է Զախարովան։

Ըստ նրա, ՌԴ-ն գոհ է նրանից, որ ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու հետաքրքրությունը Երևանում պահպանվում է։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է, և եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, դա կարող է արվել մեկ-երկու օրվա ընթացքում,

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---