Վարչապետ․ Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է՝ 12 կմ-ից 7-ում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են

Վարչապետ․ Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է՝  12 կմ-ից 7-ում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման արդյունքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։

«Ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել` ԱԱԾ-ն հայտնել էր, որ երկու կողմի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանցիները դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ են կատարել սահմանից 100-ից 300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, իրավիճակը որոշակիորեն բարելավվել է՝ մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», - ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։

Նա նշել է, որ մինչ այդ սահմանի այդ հատվածի անմիջական պահպանությունը չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին։

«Մեր տրամադրվածությունը շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը»-ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։

Նա նաև հայտարարել է, որ «հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել

Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---