Սյունիքի 40 բնակավայրում նոր կրթահամալիրներ կկառուցվեն

Սյունիքի 40 բնակավայրում նոր կրթահամալիրներ կկառուցվեն

PanARMENIAN.Net - Սյունիքի 40 գյուղական բնակավայրերում նոր կրթահամալիրներ կկառուցվեն, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս խոշորացված համայնքներում: Կառավարությունն ավելի քան 440 մլն դրամ է հատկացրել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Տեղ գյուղի դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի։

Ներկայացնելով նախագիծը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գյուղական փոքր բնակավայրերում կրթության որակի բարելավումը և այդ նպատակով նոր ենթակառուցվածքների ձևավորումը: Նա նշել է, որ ստեղծվելիք կրթահամալիրներում կիրականացվեն թե նախադպրոցական, թե դպրոցական, թե ոչ ֆորմալ կրթական ծրագրեր երեխաների և մեծահասակների համար:

Կրթահամալիրները հագեցած կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև՝ իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը վերածելով համայնքային կենտրոնի:

«Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ: Կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթահամալիրներ տանող երթուղիները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների նորոգման ծրագրերով, ինչպես նաև սինխրոնացվել է նշված ճանապարհների բարեկարգման ընթացքը՝ կրթահամալիրների շինարարությանը զուգընթաց»,-մանրամասնել է նախարարը:

Նախարարը նաև հավելել է, որ ծրագիրը որակյալ կրթության ապահովման ամբողջական բարեփոխում է, որի շրջանակում Հայաստանի մանուկների հիմնադրամը ԵՄ աջակցությամբ Կապանում և Գորիսում կառուցելու է 2 սմարթ կենտրոն։

Հավասար և որակյալ կրթության ապահովման նպատակով սեպտեմբերից Սյունիքի մարզում լինելու է առանձնացված ուսուցում, և պետբյուջեի միջոցներից նախատեսվում են հավելյալ միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր դասարան ունենա առանձին սովորելու հնարավորություն՝ անկախ երեխաների թվից։

300 դպրոցի կառուցման ծրագրով, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում կնախագծվի և կկառուցվի մոտ 150 կրթահամալիր, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական համայնքներում որակյալ կրթության հասանելիության հարցը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---