«Անգամ ստեղծողները գլուխ չեն հանում». ChatGPT-ի ֆենոմենը` Doing Digital Forum-ի պանելային քննարկմանը

«Անգամ ստեղծողները գլուխ չեն հանում». ChatGPT-ի ֆենոմենը` Doing Digital Forum-ի պանելային քննարկմանը

PanARMENIAN.Net - ChatGPT-ն կարճ ժամանակում այնպես է ներդրվել յուրաքանչյուրիս կյանքում՝ մասնագիտականից մինչև կենցաղային մակարդակ, որ բոլոր քննարկումներն այսօր սկսում են հենց դրա ֆենոմենից։

«Ճանապարհ դեպի թվային վերափոխում» խորագրով պանելային քննարկման կենտրոնում կրկին նորահայտ «ամենագետն» էր: Քննարկման հարթակը` Doing Digital Forum:

«Պատմության մեջ եզակի դեպք է, երբ անգամ ստեղծողները նորմալ գլուխ չեն հանում իրենց ստեղծածից»,- սա էր Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի գլխավոր զարմանքը։

Ըստ նրա՝ այս չատի պահվածքը նախապես պլանավորած չի եղել, ու անգամ այն ստեղծողները հաճախ չեն կարող «խելքը գլխին» բացատրություն տալ այս կամ այն իրավիճակներում դրսևորած «վարքի» վերաբերյալ։

«Պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ որևէ պրոդուկտի օգտատերերի թիվը գերազանցեց 1 միլիոնի սահմանն ընդամենը 5 օրում։ Մենք բոլորս ենք օգտվել դրանից այս կամ այն կերպ»,- նշել է Շամցյանը։

Սակայն հիացմունքին զուգահեռ կա նաև մտավախություն, քանի որ կան բազմաթիվ բաց հարցեր, որոնց ոչ ոք չի կարող պատասխանել։ Պրոդուկտը կարող է դուրս գալ վերահսկողությունից. ի՞նչ անել այդ ժամանակ․

«Հիրոսիմայից հետո միջուկային ֆիզիկոսներն արգելք են դրել միջուկային զենքի ուսումնասիրությունների վրա, կենսաբանները ու գենետիկները արգելք են դրել մարդու կլոնավորման վրա, քանի որ հասկանում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ի՞նչ անել այս պարագայում, սրանք հարցեր են, որոնք դեռ բաց են»,- ընդգծել է Արտյոմ Շամցյանը։

Կիբերանտվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանի խոսքով` արգելքներն ու սահմանափակումները թվային վերափոխման ժամանակաշրջանում որևէ արդյունքի չեն հանգեցնի, քանի որ մարդիկ շատ արագ գտնում են այդ արգելքները շրջանցելու ուղիները. «Անհրաժեշտ է սովորել ապրել այդ ամենի հետ»։

Իսկ ինչպե՞ս պետք է իրեն պահի ավանդական բիզնեսն այս պայմաններում։ FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով` մինչև բիզնեսի մասին խոսելն անհրաժեշտ է խոսել մարդկանց պատրաստվածության մասին։ Բանն այն է, որ ժամանակակից կրթական համակարգը ոչ միայն չի պատրաստում ներկային, այլև առնվազն 50 տարով հետ է մնում իրականությունից․

«Խնդիրն այն է, որ ամեն ինչ բավականին արագ է փոխվում, ու այդ փոփոխություններին ադապտացվելու համար անհրաժեշտ են բավականին կոնկրետ գիտելիքներ ու հմտություններ, որոնք ներկայիս կրթական համակարգը չի տալիս։ Մենք պետք է սովորեցնենք ու ինքներս էլ սովորենք սովորել, քարացած կանոններն այլևս չեն աշխատում»,- նշել է Շամախյանը։

Որպես փոխակերպվելու լավագույն օրինակ է բերվել Չինաստանը։ Այդ երկիրն այդպես էլ չկարողացավ ադապտացվել վճարային քարտերին, սակայն միանգամից անցավ անհպում վճարումներին։ Նույնն էլ հնարավոր է անել մեզ մոտ․

«Պետք չէ քանդել կամ ձևափոխել գոյություն չունեցող ենթակառուցվածքները, այլ անհրաժեշտ է ստեղծել նորը ու գուցե մենք էլ կհաջողենք նույն Չինաստանի պես՝ բաց թողնելով միջանկյալ շրջանը, թռիչք կկատարենք հաջորդ աստիճանին»,-շեշտել է Սյուզաննա Շամախյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---