7 ապրիլի 2023 - 10:21 AMT
Հայաստանը հանվել է Defender 23 զորավարժության մասնակիցների ցանկից

Հայաստանը հանվել է ԱՄՆ նախաձեռնած Defender 23 զորավարժության մասնակիցների ցանկից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պենտագոնը խմբագրել է Defender 23 զորավարժության մասին տարածած իր մամուլի հաղորդագրությունը՝ մասնակիցների ցանկից հեռացնելով Հայաստանի անունը։

Պաշտոնական արձագանք Երևանի կողմից չի հնչել:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրում մեկնարկող Defender 23 զորավարժության անցկացման մասին։ Զորավարժությանը մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը։

Բացի ԱՄՆ-ից զորավարժություններին կմասնակցեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: