ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան ՀԱՊԿ հնարավոր առաքելություն գործուղելու մասին հարցին պատասխանել է, որ աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։
«Ազատությունը» ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։
«Հայաստան-Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` աշխատանքները շարունակվում են»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Մարտի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում, միևնույն ժամանակ շեշտել, որ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Երևանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։