Կոպիրկին․ ՌԴ խաղաղապահներն առանցքային գործոն են ԼՂ հայ բնակչության անվտանգության ապահովման գործում

Կոպիրկին․ ՌԴ խաղաղապահներն առանցքային գործոն են ԼՂ հայ բնակչության անվտանգության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Armenia Today-ին հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը մնում է անվտանգության ոլորտը։

Նշելով, որ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է, Կոպիրկինը հավելել է, որ թեև նրանց հասցեին քննադատություն է հնչում, սակայն «դա չի ժխտում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրուստի ապահովման գործում»։

«Անգամ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Կարելի է ինչ-որ պահանջներ հայտնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, դա, իմ կարծիքով, չի պահանջում ապացույցներ»,-ասել է նա։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանն ամենևին չի հրաժարվում համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորություններից՝ գործում է 102-րդ ռազմաբազան, ավելացել է ռուս սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, իհարկե, սա զգայուն և ոչ հրապարակային ոլորտ է։ Այն ավանդաբար եղել և մնում է մեր երկկողմ հարաբերությունների կարևոր մաս: Գործում են համապատասխան մեխանիզմներ այս ոլորտում փոխգործակցությունն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին, ապա, ընդհանուր առմամբ, սա ժամացույցի ստուգման ձև է՝ կապված ռազմական գործողությունների պլանավորման և միացյալ զինված ուժերի կիրառման հետ։ Սա բավականին սովորական գործընթաց է, որը տեղի է ունենում տարբեր մակարդակներում, և, որքան գիտեմ, հայկական ստորաբաժանումներն ու մասնագետները պարբերաբար մասնակցում են նման միջոցառումներին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իրավիճակը ընդհանուր առմամբ սպեցիֆիկ է՝ հանրապետությունում կա մեր ռազմաբազան, գործում է զորքերի (ուժերի) միացյալ խումբ, և, բնականաբար, դա ենթադրում է համատեղ միջոցառումներ, վարժանքներ բավականին կանոնավոր հիմունքներով։ Ավելացնեմ, որ երբ խոսում ենք ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ վարժանքների մասին, դա դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման և ամրապնդման մեր ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս»,-ասել է Կոպիրկինը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---