Կաթողիկոս․ Վշտակցում ենք մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին

Կաթողիկոս․ Վշտակցում ենք մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Տեղ գյուղի սահմանային հատվածում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ իր վշատկցությունը հայտնելով «հերոս զավակների ծնողներին ու հարազատներին»։

«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։

Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։

Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։ Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը»,-ասվում է կաթողիկոսի ցավակցական ուղերձում։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---