3-րդ օրն է՝ ՀՀ ներթափանցած 2-րդ ադրբեջանցուն դեռ չեն գտել

3-րդ օրն է՝ ՀՀ ներթափանցած 2-րդ ադրբեջանցուն դեռ չեն գտել

PanARMENIAN.Net - Արդեն 3-րդ օրն է՝ իրավապահ մարմինները չեն կարողանում հայտնաբերել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին։ Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է «Ազատությունը»։

Ռազմական գերատեսչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ի գիշերը Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի մեկ զինծառայող: Վերջինս ասել էր, թե իր հետ եղել է ևս մեկը: Առայսօր, սակայն, պաշտոնապես չի հստակեցվել՝ արդյոք Հայաստանի տարածք ներթափանցել են միայն այդ երկու զինծառայողները, թե խոսքն ավելի մեծ խմբի մասին է։ Ամեն դեպքում Սիսիանի Բնունիս համայնքի բնակիչները խոսում էին 3-ի մասին, պնդելով, որ տան տեսախցիկները ֆիքսել են նրանց։

Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանն ասել է, որ ադրբեջանցուն փնտրում են ամենուր։ Աշոտավանի գյուղապետին օրեր առաջ հաջողվել էր զրուցել ադրբեջանցի զինծառայողի հետ, որին հենց գյուղի բնակիչները բռնել էին փողոցում քաղաքացիական հագուստով։ Արմեն Բեգլարյանի խոսքով՝ 19-ամյա զինծառայողը իրենց ասել էր, թե Նախիջևանի դիրքերից փախել են, քանի որ իրենց այնտեղ շատ են նվաստացրել։

«Իրենց ասելով՝ իրենց այնտեղ այնքան են ստորացրել, նսեմացրել, որ թողել, փախել են», - ասել է նա։

Բնունիս և Աշոտավան համայնքները Նախիջևանից մոտ 20 կմ հեռավորության վրա են։

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 10 -ին հաղորդել էին, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ Պաշտոնական Բաքուն, սակայն, մինչ այս պահը չի հայտնել՝ ովքեր են մոլորված զինծառայողները։

Ադրբեջանական մամուլը, մինչդեռ, հրապարակել է նրանց անունները՝ Աքշին Բեբիրով և Հուսեյին Ախունդով, երկուսն էլ ծառայության մեջ են եղել մոտ մեկ տարի։ Նշվում է, որ Meydan TV-ն զրուցել էր նրանցից մեկի ազգականի հետ, ով ասել էր, թե զինվորները դիքերից անհետ կորել են ապրիլի 5 -ից։ Հայաստանի ԱԱԾ-ն մինչ այս պահը չի հրապարակել Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցու անուն-ազգանունը։ Պարզ չէ՝ արդյոք նա հենց այդ երկու ադրբեջանցիներից մեկն է, թե՝ ոչ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---