Փաշինյան․ Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս

Փաշինյան․ Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե երբ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, դա ընկալվում է որպես հրաժարում ԼՂ–ից, հայտարարել է, որ «հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում» Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս։

Ըստ նրա, ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ և տեղափոխվել մեկ այլ տեղ՝ Մադրիդյան սկզբունքներից հետո այն տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը, իսկ մինչ այդ ԽՍՀՄ-ն էր։

«Այդպիսով, ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս և այսօր դրա պտուղներն ենք քաղում։

«Ֆունդամենտալ պետք է անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիներին։ Ունենք 2 մաս մինչև Մադրիդյան սկզբունքները և դրանից հետո։ Մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման ժամանակ իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ինչպես ԽՍՀՄ մյուս հանրապետությունները ստանալով անկախություն։ Սա ֆիքսված է Ալմա Աթայի պայմանագրում։

2007-ին իշխանության փոխանցման, կամ տրանզիտի շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահ, առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր 2 սկզբունք՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ Մադրիդյան սկզբունքներում խոսվում էր նաև ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին, որի մեխանիզմը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի հետ։

Նա հավելել է, որ այդպիսով շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել։

Նշելով, որ այդ սկզբունքների հեղինակը, ըստ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է եղել՝ Փաշինյանն ասել է․ «Հարց է առաջանում՝ եթե ԼՂ-ն մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այդ տրամաբանությունը նշանակում է, որ ԼՂ–ն Ադրբեջանի մաս է, որից պետք է ինքնորոշվի, թե չէ, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում»։

Նա հավելել է, որ մեծագույն սխալ էր, որ այդ մասին իրենք չեն ասել ժողովրդին 2018-ին։

«2018-ի մայիսին պետք էր ասել՝ ժողովուրդ ջան, վիճակը սա է, բայց մտածել ենք, որ ինչ-որ ձև հնարավոր է էս թակարդից դուրս գալ, բայց այդ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված է եղել, ուստի՝ չի ստացվել որևէ բան անել»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---