Զախարովա. ՌԴ-ն հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին

Զախարովա. ՌԴ-ն հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մենք հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին, համապատասխան ջանքեր են գործադրվում մեր երկրի Պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, մեր գերատեսչության (ՌԴ ԱԳՆ,–խմբ.) հետ փոխգործակցությամբ»,– ասել է Զախարովան, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ ունեն այդ կապակցությամբ։

«Խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում»,– նշել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---