Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին:
«Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է րոպե առաջ համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Իրանի օգտին են, բոլորիս օգտին են, ներողություն եմ խնդրում՝ Հայաստանի օգտին են»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։
Անդրադառնալով Իրանի առնչությանն այդ ամենի հետ, նա ասել է. «Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջան հաղորդակցությունների կառուցման միտքն ուներ։ Իրականում մենք դրան էլ ենք աջակցում։ Քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը Հայաստանի գլխավորությամբ բոլորի օգտին է»։
Չավուշօղլուն նաև անհիմն պնդումներ է առաջ քաշել, թե իբր Հայաստանը փորձել է «զենք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։