14 ապրիլի 2023 - 14:51 AMT
Արցախի ԱԱԾ փոխտնօրենն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետն ազատվել են պաշտոններից

Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրերը։

Հունան Հայրումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Պողոսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։