Սիմոնյանը՝ Գաֆարովային․ Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ

Սիմոնյանը՝ Գաֆարովային․ Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ

PanARMENIAN.Net - Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի ելույթին։

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան իր ելույթում ասել է, թե սահմանին անհետ կորած ադրբեջանցի երկու զինծառայողներին Հայաստանում «տանջանքների են ենթարկել», գրում է Sputnik Արմենիան։

Սիմոնյանը հակադարձել է ադրբեջանցի խոսնակին` հիշեցնելով, որ մինչ օրս Հայաստանը պատասխանի է սպասում հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետաքննության մասով։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորականին մեր երկրում քաղաքացիական անձինք են բռնել և հանձնել ոստիկանությանը։

«Տիկին Գաֆարովան մեր նախորդ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն կիրականացնի այն տեսանյութի փաստով, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հայ անզեն ռազմագերիների ուղղությամբ դիմահար կրակ բացում։ Հուսով եմ` ադրբեջանական դատախազությունը վերջապես ինչ–որ պատասխան կներկայացնի այս տեսանյութի առնչությամբ»,– նշել է Սիմոնյանը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստին։

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը Կապան տանող ճանապարհին։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---