ՀՌՀ ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ Սլավոնականի Ընդհանուր ժողովի բնականոն ընթացքն ապահովելու պահանջով

ՀՌՀ ուսանողները ստորագրահավաք են սկսել՝ Սլավոնականի Ընդհանուր ժողովի բնականոն ընթացքն ապահովելու պահանջով

PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջելով ապահովել մայիսի 5-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին՝ որպես ռեկտոր։

Նախաձեռնության հեղինակները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ռեկտոր Արմեն Դարբինյանին և ստորագրահավաք են նախաձեռնել։

Հայտարարության մասնակիցները պահանջում ենԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից․

«Ապահովել Համալսարանի հիմնադիր փաստաթղթերում և Կանոնադրությունում ամրագրված Համալսարանի Ընդհանուր Ժողովի (Կոնֆերանսի կողմից ռեկտորի ընտրության անքակտելի իրավունքի իրացումը: Նշված նպատակով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանյան համահիմնադրի լիազոր ներկայացուցիչների հետ նպատակ ունենալով այս հարցում հասնել հստակ համաձայնության: Ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ներկայությունը մայիսի 5-ին կայանալիք Կոնֆերանսին։ Նույն նպատակով դիմել Ռուսաստանյան կողմին և ապահովել նաև իրենց պաշտոնական ներկայությունը:

Ապահովել ընտրված ռեկտորի պաշտոնական նշանակումը` երկու հիմնադիրների հրամանով՝ բացառելով Համալսարանի կառավարման ֆունկցիայի իրացման իմաստով որևէ իրավական վակուումային կամ հակաօրինական իրավիճակ։

Նույնը պահանջել նաև ռուսաստանյան կողմից։ Դադարեցնել առանց համալսարանի ներգրավման վերջինիս գործունեությանը վերաբերվող միջկառավարական նոր համաձայնագրի որևէ տեքստի սեպարատ քննարկումները: Հենց գործող իրավակարգավորումներն են, որ ապահովել են Համալսարանի առաջատար դիրքերը և’ երկրում, և՝ տարածաշրջանում, դրանց փոփոխման ցանկացած փորձ դիտարկում ենք որպես Համալսարանի նկատմամբ իրագործվող վնասարարություն: Հրապարակայնորեն ներկայացնել Համալսարանի բազմամյա ռեկտոր Դարբինյանի աշխատանքի գնահատականը և նրան ռեկտորի պաշտոնում գալիք ընտրություններում չսատարելու հիմնավորումները»։

Հայտարարության տակ արդեն ի քանի հազար ստորագրություն կա՝ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ։

Ավելի վաղ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը: «Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ»,-գրել էր նա:

Նոր ռեկտորի ընտրության գործընթաց դեռևս սկսված չէ, թեկնածուներ առաջադրված չեն։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---