15 ապրիլի 2023 - 12:49 AMT
«Արցախփոստ»-ը ռուս խաղաղապահների միջոցով փաստաթղթեր առաքելու հնարավորություն է ստացել

«Արցախփոստ» ՓԲԸ-ն ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:

«Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտերկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել է:

Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:

Ուստի, հայտարարում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։