24 ապրիլի 2009 - 13:10 AMT
Թբիլիսիի հայերը կպահանջեն Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք եւ պայքարում ենք հանուն արդարության» խաղաղ բողոքի ցույցը: Բողոքի խաղաղ ակցիայի գլխավոր պահանջն է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից:

Նույն օրը 15:30-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Պետական հայկական դրամատիկական թատրոնի սրահում տեղի կունենա «Հուշ երեկո», նվիրաված Հայոց ցեղասպանության 94-ամյակին: Միջոցառումը ներառում է «Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ.» լուսանկարչական ցուցահանդես, ելույթներ ու փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման նախաձեռնորղներն ու կազմակերպիչները Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի (ՎՀՀԿ) եւ Վրաստանի հայ ուսանողական ասոցիացիան (ՎՀՈՒԱ) են:

Ապրիլի 23-ին Ի.Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում ցուցադրվել է ֆիլմ եւ դասախոսություն է ընթերցվել «Հայոց ցեղասպանություն 1915-23թթ.» թեմայով, ջահերով երթ ու բողոքի ակցիա է կազմակերպվել Թուրքիայի դեսպանատան մոտ, ինչպես նաեւ ստորագրահավաք` ապրիլի 24-ին Թբիլիսիի բուհերի հայ ուսանողներին դասերից ազատելու խնդրանքով:

1915-1923թթ. Թուրքիայի իշխանությունների գործած եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղաասպանությունն էր: 1915-23թթ. շուրջ 1,5 մլն հայ սպանվեց, 500 000 բռնագաղթվեցին դեպի Դեր-Զորի անապատ: Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ բնակիչությունից: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի 42 նահանգներ: