27 ապրիլի 2023 - 15:36 AMT
«Covid-19-ի գործով» կալանավորված փոխքաղաքապետ Սիմոնյանն ազատ կարձակվի

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։

Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի որոշումը, հայտնում է Aysor.am-ը։

«Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի», -ասել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է մոտ 120 միլիոն դրամ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը նույնպես կալանավորվել էր, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորված են նաև մի շարք այլ անձիք։