Կոլոնան՝ Փաշինյանին․ Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում

Կոլոնան՝ Փաշինյանին․ Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդար և կայուն խաղաղության որոնումներում։

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Զրուցակիցներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման անհապաղ իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է Հայաստանի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ:

«Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում: Ոչ միայն այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այլ նաև կարծում եմ՝ պոտենցիալ ունենք զարգացնելու: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահին, Ձեզ, կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկացվում է մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ առկա ճգնաժամին: Կրկին ողջունում եմ Ձեզ և ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները, տպավորություններն այցի և մեր տարածաշրջանի վիճակի մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Կոլոնան շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար և հավելել. «Առաջին անգամ եմ Ձեր երկիր այցելում, և առանց հետաձգելու փոխանցում եմ նախագահի բարեկամական ողջույնները Ձեզ: Գիտեք, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է, և այս երկրի հետ մեզ շատ բաներ են կապում: Բայց ցանկանում եմ անձամբ ևս մեկ անգամ ասել՝ մենք Ձեր կողքին ենք այն բարեփոխումների, ջանքերի, աշխատանքի ժամանակ, որ վարում եք, նաև Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում»:

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---