11 մայիսի 2023 - 12:13 AMT
Փաշինյան․ Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու Վաշինգտոնում գրանցված առաջընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված վիճակը և հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1- 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում։

Նա հավելել է, որ Բաքուն նպատակ ունի նաև խաթարելու մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ ֆորմատով և հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով կայանալիք բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը պետք է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանության համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է նաև, որ եթե սրացումը չէ Ադրբեջանի նախատրամադրվածությունը, ապա որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու միջոցով։

Նա նշել է, որ Բաքուն նպատակ ունի նաև շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում նոր ապօրինի անցակետ տեղադրելուց՝ լարվածության նոր օջախ ստեղծելով։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է:Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: