ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ ներթափանցած 2 ադրբեջանցու հարազատների՝ ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ ներթափանցած 2 ադրբեջանցու հարազատների՝ ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի 2 քաղաքացու իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը: Այդ մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։

«ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։

Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկը՝ Ագշին Բաբիրովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 11․5 տարվա ազատազրկման։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։

 Ուշագրավ
---