Զոհված զինծառայողների ծնողները որոշել են դադարեցնել նստացույցը, բայց ոչ պայքարը

Զոհված զինծառայողների ծնողները որոշել են դադարեցնել նստացույցը, բայց ոչ պայքարը

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց արդեն 4-րդ օրը վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով կալանավորված Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով, նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները որոշել են դադարեցնել նստացույցը, բայց շարունակել պայքարը:

Զոհված ցինծառայողի հայր Վահիդ Սահակյանը նախ ընթերցել է Հակոբյանի իրավապաշտպանների տարածած հայտարարությունը և ներկայացրել իրենց՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունը, հայտնում է Panorama.am-ը։

Իրավապաշտպանները հայտարարել են, որ «տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է», և հայտնել են, որ խորհրդակցելով իրենց վստահորդի և նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել «դադարեցնելու իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին»։

«Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է․«Մենք ևս համակարծիք ենք այն տեսակետի հետ, որ Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մենք երկար խորհրդակցելով ծնողական համայնքի հետ, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը՝ նստացույցը: Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ, քանի որ մեր պայքարը սրանով չի ավարտվում»:

Վահիդ Սահակյանը նստացույց անող ծնողների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում և Արցախում իրենց աջակցած քաղաքացիներին:

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Ավելի ուշ նա կալանավորվեց 1 ամսով։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հորդորել իր որդուն հետ վերցնել բողոքը։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---