24 մայիսի 2023 - 15:11 AMT
Վիճաբանություն և քաշքշուկ՝ ԱԺ-ում. Որոշ ընդդիմադիրների հեռացրել են դահլիճից

Ազգային ժողովի նիստում վիճաբանություն է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և դատավոր Արմեն Դանիելյանի միջև, որի թեկնածությունն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։

«Երբ ինձ կալանավորում էիք, դուք ինձ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև այդքան տղամարդկություն չունեիք՝ նայել իմ աչքերի մեջ, դրանից հետո կալանավորել»,- դիմելով Դանիելյանին` ասել է Սարգսյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ է արել ընդդիմադիր պատգամավորին, ինչից հետո Սարգսյանը նշել է, որ ավելի կոռեկտ ինքը չէր կարող արտահայտվել ու ավարտել է ելույթը, հայտնում է Sputnik Արմենիան։

Դրանից հետո սկսվել է վիճաբանություն․ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, Սիմոնյանն էլ անվտանգության աշխատակիցներին է հրավիրել և հրահանգել Արթուր Սարգսյանին հեռացնել նիստերի դահլիճից։

Վիճաբանությունից և ծեծկռտուքից որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին և Արթուր Սարգսյանին քարշ տալով դուրս են հանել։

Ստեղծված իրավիճակի պատճառով ԱԺ խոսնակն ընդմիջում է հայտարարել։

2021–ի նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա 2021–ի հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել: 2021–ի դեկտեմբերի 9–ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Հաջորդ օրը Սարգսյան ազատ արձակվեց։