25 մայիսի 2023 - 15:39 AMT
ՌԴ ԱԳՆ․ Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենված լինի երկարաժամկետ լուծումների վրա

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հենված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ընդ որում, ադրբեջանական և հայկական կողմերը պետք է իրենք որոշեն՝ ինչն է բխում իրենց արմատական շահերից և ինչպես են նրանք մտադիր ապահովել կայուն խաղաղություն։

Խոսելով խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին՝ Գալուզինն ասել է, որ, հաշվի առնելով «այդ հարցերի ծայրահեղ զգայուն լինելը, ռուսական կողմը չի կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, չխանգարելու համար առաջխաղացմանը»։

Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացին»։

«2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ կարևորվում է խաղաղության պայմանագրի ակտիվ նախապատրաստումը և ստորագրումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման նպատակով»,-ասել է Գալուզինը։

Նա հավելել է, որ «այդ համատեղ աշխատանքը պետք է դիտարկել եռակողմ հայտարարությունների իրականացման համատեքստում, որոնք ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն համաձայնեցրել են 2020-ի նոյեմբերից»։

«Դրանք հայ-ադրբեջանական գործընթացի հիմքում են և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քայլեր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և շփումների զարգացում քաղաքացիական հասարակության գծով»,-ասել է նա։

Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ փոխնախարարն ասել է, որ ռուսական կողմն օգնում է «կողմերին շփման կետեր գտնել, գալ նրանց համար ընդունելի ձևակերպումների և փոխզիջումների»։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։