30 մայիսի 2023 - 18:19 AMT
Արամ Ա-ն Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի շուրջ խնդիրները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հետ։ Նրանք զրուցել են Երոսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի շուրջ առաջացած խնդիրները։

Պատրիարքը վստահեցրել է Վեհափառ Հայրապետին, որ «Կովերի պարտեզի» շուրջ կայացած համաձայնությունը չեղյալ համարելու ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկվում։

Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» տարածքը 2021 թվականին 99 տարով վարձակալության էր տրվել հրեա գործարարի պատկանող ընկերությանը։ Այս գործարքը դեռ այն ժամանակ քննարկումների ու մեղադրանքների պատճառ էր դարձել։ Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է չեղյալ համարել գործարքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պատրիարքը կարգալույծ է հռչակել պայմանագիրը նախապատրաստած Պարետ վարդապետ Երեցյանին՝ հենց նրան մեղադրելով հայկական կալվածքները վարձակալության տալու մեջ։