Փաշինյան․ Վերին Լարսի մաքսակետի թողունակությունն անհանգստացնում է

Փաշինյան․  Վերին Լարսի մաքսակետի թողունակությունն անհանգստացնում է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, նշելով, որ արդեն ամառային շրջան է, ասել է, որ մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը։

«Ես գիտեմ, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում՝ այս ամսում, կամ, եթե կարող եք հստակեցնել, ե՞րբ են նախատեսվում ավարտել այդ աշխատանքները»,-հարցրել է վարչապետը։

Միշուստինը նշել է, որ նախապես հանդիպել է տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, որը խոստացել է մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։

«Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը»,-ասել է նա։

Հանդիպմանը ներկա ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովն իր հերթին ասել է, որ և՛ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։

«Ամենօրյա ցուցանիշը կազմում է մոտ 1000 մեքենա երկու ուղղությամբ։ Հասկանալի է, որ գոնե մեկուկես հազարի պետք է հասցնենք, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից ակնկալում ենք, նրանք մեզ իսկապես խոստանում են, որ մինչև հունիսի 15-ն այս ճանապարհագծերը պատրաստ կլինեն։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք՝ հասցնելով դրանք զրոյի»,-ասել է նա։

«Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել»,-ասել է Փաշինյանը՝ հարցնելով, թե որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը։

Դավիդովն ասել է, որ կլինի 39 երթևեկելի գոտի, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար:

«Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»,-ասել է նա

Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։ Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու հունիսի 8-ին:

 Ուշագրավ
---