13 հունիսի 2023 - 12:48 AMT
ՔՊ վարչությունում քննարկել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունները

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ 2022-ին էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը և ևս մի քանի հոգի և «Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը։