Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև կրկին ապատեղեկատվություն է տարածել:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: