Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ դրոշները

Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ դրոշները

PanARMENIAN.Net - Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում բարձրացվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները։

Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ չեն ենթադրում, որ դրոշները բարձրացնելն օգնելու է իրենց, ռազմական պաշտպանություն է տալու, այլ կարող է այն զուտ հոգեբանական ազդեցություն ունենալ ադրբեջանցիների վրա, հայտնում է Panorama.am-ը։

«Դրոշները բարձրացնելու որոշումը կայացվել է տնօրենների խորհրդում երկարատև քննարկումներից հետո։ Մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկտը ՀՀ-ն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - նշել է նա։

Տիրան Հակոբյանն ասել է, որ գործարանի շինարարական աշխատանքներն այսօրվանից վերսկսվել են և կշարունակվեն՝ անկախ կրակել-չկրկելուց։

«Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը։ Կրակելուց հետո ինչ-որ մի պահի հասկանալու են, որ չենք գնալու, խաղի այդ կանոններով չենք խաղալու»,-ասել է նա։

Նրա խոսքով, գրեթե ամեն օր էլ ադրբեջանական կողմը կրակում է, թիրախավորում են շինարարական տեխնիկան, կարծում է երկու պատճառով՝ վախեցնել և տեխնիկան շարքից հանել։

Գործարանի տնօրենն ասել է, որ նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտն այս տարվա վերջ։ Նա ընդգծել է, որ իրենք մետալուրգիական գործարան չեն սարքում, մետաղաձուլարան են կառուցում, այսինքն հանքահումքային գործունեություն չեն ծավալում։

Այն հարցին, որ եթե թշնամին շարունակի կրակել, ընկերությունը կդիմի՞ ԱՄՆ իշխանությունների ուղիղ միջամտությանը, Հակոբյանն ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ են, տեղյակ են ամբողջ պրոցեսին, կարծում է՝ «համապատասխան հետևություններ, գործողություններ արվում են։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։

ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

 Ուշագրավ
---