Բեգլարյան․ Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը

Բեգլարյան․ Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից՝ արդեն 6 օր շարունակ, Արցախի 120,000-անոց ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ ԱՀ-ն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը:

Նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը։

«Արցախն ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ:»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---