ՔԿ․ Աշոտյանը, Արման Սահակյանը և Կարեն Ավագյանը դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել

ՔԿ․ Աշոտյանը, Արման Սահակյանը և Կարեն Ավագյանը դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրվարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս:

Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով, 163,115,680 դրամ արժեքով, ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32,498,320 դրամով:

Այնուհետև Արման Սահակյանը և նրա օգնականը, առանց որևէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չգրանցվելու և մինչև գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով, 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական:

Այնուհետև նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու և համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը:

Այնուհետև՝ Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 240,000,000 դրամով, վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:

Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն' քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները:

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և որ տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման կապացությամբ՝ նշելով, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---