ԵՄ դիտորդները Սիսիանի օդակայանում են՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար։ Նրանց կմիանան Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն և SEDE (Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողով) պատվիրակության անդամները։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում։
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդանավակայանում ողջունել են Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE պատվիրակությանը, որոնք մտադիր են միանալ ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահություն էր հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն:
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: