21 հունիսի 2023 - 17:39 AMT
Սերժ Սարգսյանի գրասենյակ․ Փաշինյանի ընթերցանությունն ավելի շուտ հիշեցնում էր մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստում՝ նշելով, որ «նրա ընթերցանությունն ավելի շուտ հիշեցնում էր մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում»:

«Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:

Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»,-ասվում է մեկնաբանության մեջ։

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ըստ նրա, ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն ասել են, որ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա ու այդ ինքնորոշման իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: