Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ասել է, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա, հայտնում է Aysor.am-ը։
«Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ քննարկվելու են օրակարգային հարցեր։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ էր ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, տեղեկացնում են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: