Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ հայկական պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում այն տրամադրվածությամբ, որ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։
Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելն, իր հերթին հունիսի 21-ի ճեպազրույցում հայտարարել է, որ ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը:
«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», -ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին Մոսկվայի մասնակցությանը, Պատելն ասել է, որ եթե ՌԴ-ն կարծում է, որ կարող է կառուցողական դեր կատարել, ապա կարող է դրանով զբաղվել։
«Եթե Ռուսաստանը ենթադրում է, որ կարող է կառուցողական դեր կատարել, ապա, իհարկե, կարող է դրանով զբաղվել: Մենք համարում ենք, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է դրանում, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավվել»,-ասել է նա:
Պատելի խոսքերով, հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր հանդիպումները «տեղի կունենան շատ շուտով»:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում պետք է հանդիպեին հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։