ԱԳՆ-ն՝ Զախարովային․ Միջադեպը եղել է ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

ԱԳՆ-ն՝ Զախարովային․ Միջադեպը եղել է ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ձևակերպումները, առաջին հերթին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է անվանել մեղադրանքները խաղաղապահների հասցեին Հակարիի կամրջի մոտ միջադեպում՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելը։ Ինչպես նշել է Զախարովան, միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված լինելու ընդհանուր խնդրի հետ։

«Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:

Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։

Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Տարածված տեսանյութում երևում էր, որ ադրբեջանցիներին ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---