Արցախում հղի կինը սթրեսից ու թերսնումից կորցրել է առաջնեկին, 25-ամյա հաշմանդամը չի կարողանում նոր պրոթեզներ ձեռք բերել

Արցախում հղի կինը սթրեսից ու թերսնումից կորցրել է առաջնեկին, 25-ամյա հաշմանդամը չի կարողանում նոր պրոթեզներ ձեռք բերել

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել ԱՀ-ում շրջափակման հետևանքների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ դրանից առաջ երկրում վաճառվող սննդի մոտ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից և այլ երկրներից, ինչի պատճառով էլ շրջափակումը մեծապես ազդել է մատակարարվող սննդի քանակի ու բազմազանության վրա: Այս ընթացքում պարենն ապահովվել է պետական պահուստի և Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրված սահմանափակ ծավալների հաշվին:

Պարենային անվտանգության մակարդակը կտրուկ նվազել է 2020 թ. պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական բերրի հողերի գերակշիռ մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, գրում է Factor.am-ը։

«30-ամյա Անուշը բռնի տեղահանված է Շուշիից, ով կորցրել է իր կրտսեր եղբորը 2020 թվականի պատերազմում, իսկ հայրը ծանր վիրավորվել է 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ պատճառով նա ժամանակին լուրջ հոգեբանական տրավմա և սթրես է կրել։ Նա վերջերս է ամուսնացել և շրջափակման սկզբում առաջին հղիության չորրորդ ամսում էր գտնվում։ Շրջափակման պատճառով նրա ամուսինը ստիպված մնացել է Երևանում։ Նրա մայրը՝ Արմինեն, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է, որ Անուշը 2023 թվականի փետրվարի 1-ին փորձել է ինքնասպան լինել, քանի որ վիժել էր և կորցրել երկար սպասված առաջնեկին՝ շրջափակման հարուցած սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի և թերսնման պատճառով: Այժմ Անուշը վերականգնողական բուժում է անցնում հիվանդանոցում և գտնվում է հոգեբանների և նյարդաբանների հսկողության տակ, քանի որ նրա հոգեկան և ֆիզիկական վիճակը շատ փխրուն է»,-ասվում է զեկույցում։

Գրիգորին հաշմանդամություն ունեցող 25-ամյա մարտունեցի է, ով ծանր վիրավորվել է 2020-ի պատերազմի ժամանակ և, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մինչ շրջափակումը ամիսը մեկ գնում էր Երևան՝ վերականգնողական կուրս անցնելու Երևանի մասնագիտացված հաստատություններից մեկում։ Ներկայումս նա ոչ միայն զրկված է բուժումը շարունակելու հնարավորությունից, այլև՝ չի կարողանում ձեռք բերել ոտքերի և ձեռքի նոր պրոթեզներ, ինչպես նաև նոր սայլակ գնել Հայաստանից։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նա ասել է.

«Պատերազմի ժամանակ ես կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր։ Սակայն ահաբեկչությունն ու խոշտանգումները շարունակվում են ամեն օր։ Մենք հիմա դժոխքում ենք ապրում Ադրբեջանի շնորհիվ, բայց աշխարհը շարունակում է անտեսել դա։ Ես ուզում եմ շարունակել ապրել և վերականգնվել այն սարսափից, որի միջով անցել եմ գրեթե 3 տարի առաջ, բայց շրջափակման սթրեսը ինձ թույլ չի տալիս դա անել: Ես չգիտեմ, թե մարդիկ գիտակցում են, թե որքան դժվար է հաշմանդամություն ունեցող անձի համար ապրել շրջափակման մեջ և պայքարել նույնիսկ ամենատարրական բաների համար: Իսկ ինձ նման 9000-ից ավելի մարդ կա Արցախում»։

Ստեփանակերտից 28-ամյա Ինգան՝ 8-ամյա Սուրենի երիտասարդ մայրը, շրջափակման ժամանակ պայքարում է, քանի որ նրա որդին բնածին կաթնաշաքարի և գլյուտենի անհանդուրժողականություն ունի, ցելյակիա և շատ այլ սննդային ալերգիաներ, այժմ տառապում է թերսնումից: Խանութներում նրա համար հարմար սնունդ չկա։

Հաշվի առնելով շրջափակման հարուցած սթրեսներն ու վախերը, ինչպես նաև հիպոթերմիան ու թերսնուցումը՝ էական ռիսկեր են առաջացել հասունացման շրջանում գտնվող աղջիկների վերարտադրողական առողջության համար: Կանայք բախվում են իրենց համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների և դեղորայքի սղության հետ, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների առաջացման ու խորացման:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---