29 հունիսի 2023 - 11:21 AMT
Մակրոնը՝ հայ համայնքին․ Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցի շրջանակում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ասել է, որ չկասկածեն Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով իր վճռականությանը։

«Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս։ Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան ռազմական կցորդ է նշանակել Հայաստանի իր դեսպանատանը, որը պետք է որոշ բան նշանակի, չէ՞: Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»,-նշել է նա, ասվում է ՀՅԴ կայքում։

Այն դիտարկմանը, որ իրենից ավելի գործնական, ոչ միայն բարոյական քայլեր են ակնկալվում, Մակրոնն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա նույնիսկ ավելի շատ ճնշում է գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրում, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունի»,-ասել է նա։

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նշել է. «Պարոն նախագահ, մենք իբրև Ֆրանսիայի քաղաքացի մենք ձեզ ենք դիմում որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ, և ակնկալում ենք, որ ցուցաբերեք Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցություն: Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի համանախագահ Մուրադ Փափազյանը տարբեր առիթներով արծարծել է ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը։ Մենք դիմում ենք ձեզ միևնույն պահանջով: Պետք է հստակ լինի, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախն Ադրբեջանի կազմի մեջ տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»:

Դրան ի պատասխան Մակրոնն ասել է, որ չկասկածեն իր վճռականությանը Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով։