29 հունիսի 2023 - 12:11 AMT
ԱՀ նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ 4 զինծառայողի հիշատակը, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հարությունյանը շեշտել է, որ Արցախի և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Նախագահն ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:

Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նպատակաուղղված Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը:

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։